Սիրիական բանակը աշխարհազորի ջոկատների աջակցությամբ վերահսկողության տակ է առել Էլ-Կարյաթեյն քաղաքից երկու կմ հեռավորության վրա գտնվող լեռնային բարձունքը, տեղից հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ԻՊ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից քրիստոնեական Էլ-Կարյաթեյն քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է շաբաթ առավոտ: Բանակի եւ նրա դաշնակիցների առաջնային ջոկատները սկսել են հրետանու աջակցությամբ առաջանալ հարավային, հարավ-արեւելյան եւ հյուսիս-արեւմտյան ուղղություններից: Մի քանի ժամվա ընթացքում սիրիացի սպաների տվյալների համաձայն, մոտ 30 գրոհային է վերացվել: Յոթ զինծառայող վնասվածք է ստացել:
Ազատագրված բարձունքները բանակին թույլ են տվել հրազենային վերահսկողության տակ առնել Էլ-Կարյաթեյնի ամբողջ տարածքը եւ շրջակայքը:
Լեռնային բարձունքի ազատագրման գործում ներգրավվում են հիմնական ուժերը եւ ծանր տեխնիկան: Զինվորականները նախապատրաստում են ամրությունները եւ կրակային դիրքերը: Ինժեներային խմբերը շարունակում են աշխատել բարձունքներում:
Այս պահին ակտիվ ռազմական գործողությունները դադարեցված են: Հրետանին աշխատում է քաղաքի շրջակայքում: Ահաբեկիչները թույլ դիմադրություն են ցույց տալիս: Սակայն զինվորականների խոսքով, քաղաքի գրոհն անհնար է, քանի դեռ Էլ-Կարյաթեյնի մատույցները հետախուզված չեն սակրավորների կողմից: Որոշ տվյալների համաձայն, ԻՊ-ի գրոհայինները նահանջելիս հասցրել են ականապատել բնակավայրի ճանապարհներն ու շինությունները:





























