ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը հայտարարությամբ է հանդես եկել եւ  կոչ  արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կայունացնելու իրավիճակը:

«Միանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին եւ կոչ անում հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կայունացնելու իրավիճակը: Վերահաստատում եմ, որ հակամարտության խաղաղ, բանակցված կարգավորմանը որեւէ այլընտրանք չկա, եւ որ պատերազմը լուծման տարբերակ չէ»-, ասվում է նրա հայտարարությունում:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։

Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:

Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր: