Ամերիկյան միլիարդատեր Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ չպետք է հրապարակեր նախընտրական արշավում իր գլխավոր մրցակցի՝ Թեխասից սենատոր Թեդ Քրուզի կնոջ լուսանկարը: Այս մասին գործարարն ասել է The New York Times-ին:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Թրամփը հայտարարել է, որ իր արածը սխալ էր. «Եթե նորից ստիպված լինեի դա անել, ապա չէի ուղարկի այն»: Թրամփը, միաժամանակ, ընդգծել է, որ Քրուզն ինքն է մեղավոր, քանի որ առաջինն է վիրավորել իր կնոջը:

Հանրապետական թեկնածուների միջեւ սկանդալը, որը կապված էր նրանց կանանց հետ եւ արագ արձագանք գտավ լրատվամիջոցներում, սկսվեց այն բանից հետո, երբ Յուտայում մարտի 22-ին կայանալիք փրայմերիզից առաջ համացանցում Թրամփի կնոջ՝ Մելանիայի մերկ լուսանկարը հայտնվեց՝ հետեւյալ մակագրությամբ. «Ծանոթացեք Մելանիա Թրամփի՝ ձեր ապագա առաջին տիկնոջ հետ: Կա՛մ քվեարկեք Թեդ Քրուզի օգտին»: Սլովենացի մոդելի լուսանկարն արվել է նրա ամուսնությունից առաջ՝ տղամարդկանց GQ ամսագրի համար: