«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսական ճգնաժամի մեջ է: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրների:
ԻՊ-ի նավթային ենթակառուցվածքների եւ ֆինանսական ինստիտուտների ուղղությամբ հարվածների հետեւանքով ծայրահեղականները դժվարանում են աշխատավարձ վճարել իրենց զինյալներին: Դրա ուղղակի ապացույցները կան՝ զինված կազմավորումների հրամանատարների միջեւ առճակատումներ, կոռուպցիայի փաստեր, զինյալների շրջանում գողություններ եւ այլն:
Ֆինանսների անբավարարությունը խմբավորմանը ստիպել է նորակոչիկների աշխատավարձը երկու անգամ կրճատել: Իսկ հետախուզական վերջին տվյալները վկայում են, որ մի քանի ստորաբաժանումներ աշխատավարձ չեն ստացել արդեն մի քանի ամիս: Ըստ ամերիկյան պարբերականի, դեֆիցիտը փոխհատուցելու համար կազմակերպությունն իր վերահսկողության ներքո գտնվող տարածքների բնակչությունից ավելի մեծ հարկեր է հավաքում:
Ըստ Lenta-ի, ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ԻՊ-ն նոր ջոկատներ ձեւավորելու հարցում խնդիրներ ունի՝ զինյալների աշխատավարձերի կրճատման պատճառով: Դեպի Թուրքիա նավթի անօրինական վաճառքից ստացված եկամուտների նվազման հետեւանքով խմբավորումը մեկ երրորդով կրճատել է զինյալների աշխատավարձը:





























