Այն, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին պատերազմ է բռնկվել, մի քանի զարգացում է նախորդել, ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխարհահռչակ System of a Down խմբի երգիչ Սերժ Թանկյանը:
«Նախ, Հավայի նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը: Սա կարող էր Ադրբեջանին համոզել, որ Ղարաբաղի հարցում ժամանակը նրանց դեմ է աշխատում:
Երկրորդ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի ու փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ (որը ժառանգել է նավթային ռեժիմն իր հորից)՝ բախումների վերսկսումից ժամեր առաջ: Սա Ալիեւին կարող էր ներշնչել, որ ԱՄՆ-ն կհանդուրժի իր բացահայտ ագրեսիան Ղարաբաղը գրավելու համար:»,-գրել է Թանկյանը։
«Ինձ համար բացահայտ է, որ ադրբեջանցիների օգտին էր անսպասելիությունը: Նրանք նախահարձակ են եղել եւ պնդում են, թե հող են վերցրել։
Նավթի հետույքը համբուրելը պատերազմ չէր հրահրի, ճի՞շտ է: Սխալ է», - գրել է նա:
Նշենք, որ արդեն երկրորդ օրն է Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է իրականացնում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայքով։ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցրել են են կենդանի ուժի եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ:
Հիշեցնենք, որ եւս 2 տանկ եւ 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարեւելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ եւ այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ եւ 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ:
Մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ եւս ընթանում են դիրքային թեժ մարտեր:
Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 («Գրադ») հրթիռահրետանային կայանքից եւ 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով:
Հայկական կողմն ունի 18 զոհ եւ 35 վիրավոր։




























