Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ վերջինս չի դադարեցրել ագրեսիան, չի հրաժարվել բռնությունից ու չի պարտավորվում ԼՂ հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, հաղորդում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը։

Կոնգրեսականը հիշեցրել է բազմաթիվ զոհերի մասին ու հավելել, որ ինքը կոչ էր արել Ադրբեջանին՝ օգտագործել Վաշինգթոնում Միջուկային անվտանգության գագաթաժողովը՝ խաղաղության գործընթացին նպաստելու համար։

 «Փոխարենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոր հարձակումներ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ես խստորեն դատապարտում եմ այդ ագրեսիան, եւ հավատում եմ, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին պետք է դադարեցվի, քանի դեռ նա չի դադարեցրել ագրեսիան, հրաժարվել բռնությունից ու պարտավորվել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»,-նշել է Շերմանն իր հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։