ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահն Ռոբերտ Դոլդը քննադատել է հնչող «անաչառության ակնարկները» եւ կոչ է արել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, որի ձախողման պատասխանատուն Ադրբեջանն է։

«Մենք եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է ասել մեկ բան, անել դրա հակառակը։ Ես միանում եմ իմ գործընկերներին նախագահ Ալիեւի գործողությունները եւ հռետորաբանությունը դատապարտելու հարցում։ Իրականությունը «անաչառության ակնարկներով» թաքցնելու փոխարեն ես հույս ունեմ, որ Օբամայի վարչակազմը կշարունակի աշխատել Լեռնային Ղարաբաղի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ խաղաղ լուծում գտնելու հարցում, որտեղ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար»։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։