Սիրիական կառավարական բանակը աշխարհազորի ուժերի հետ Հալեպի մոտակայքում ոչնչացրել է պայթուցիկների եւ զինամթերքի արտադրության անօրինական խոշոր գործարանը, որը ստեղծվել էր ԻՊ խմբավորման ահաբեկիչների կողմից, դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Անօրինական գործարանը գրոհայինների կողմից ստեղծվել էր Հալեպի հարավային ծայրամասում գրավված էլեւատորի հիմքի վրա:   Տեղում հայտնաբերված բեկորներից եւ զինամթերքից դատելով` ահաբեկիչները պայթուցիկի, ինչպես նաեւ ինքնաշեն ականների եւ լիցքերի արտադրություն էին իրականացնում: 

«Մենք շրջապատեցինք նրանց, բայց նույնիսկ չէինք ենթադրում, որ այնտեղ պայթուցիկ սարքերի մի ամբողջ արտադրություն կա: Նրանք մինչեւ վերջին շունչը դիմադրում էին, մարտը մի քանի օր տեւեց», — նշել է մարտերին մասնակցած կամավորական Իբն Ալիյաթը: 

Նա հավելել է, որ դիմակայության ընթացքի մեջ վերջնակետ է դրել հզորագույն պայթյունը. հրետանային ռումբի ընկնելու հետեւանքով պայթել է ահաբեկիչների լաբորատորիայում գտնվող ռումբը: Որոտացած պայթյունն այնքան ուժգին էր, որ էլեւատորի կառավարման բազմահարկ շենքը, որում գտնվում էր լաբորատորիան, քիչ էր մնում` փլվեր:   

Սիրիայի խոշորագույն քաղաքներից մեկը` Հալեպը գրոհայինների հարձակմանն էր ենթարկվել  2012-ին: Զինված հակամարտության ընթացքում նրա բնակչությունը    2,5 մլն-ից նվազեց մինչեւ 1 մլն-ից էլ պակաս: Ներկայումս քաղաքի մի մասը ահաբեկիչների վերահսկողության տակ է, սակայն կառավարական բանակին հաջողվել է Հալեպի մի շարք արվարձաններում ճեղքել շրջափակումը եւ խախտել մատակարարման ուղիները: