ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը NEWS.am–ին տված հարցազրույցում ներկայացրել է իր տեսակետը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման պատճառների մասին:
Կարելի՞ է ասել, որ կատարվածի պատճառներն այն են, որ միջազգային հանրությունը քիչ ուշադրություն է հատկացնում հակամարտությանը:
Ադրբեջանական իշխանությունների ռեվանշիստական քաղաքականության պատճառով հրադադարի պահպանումը դարձել է ավելի առաջնային խնդիր, քան հակամարտության կարգավորումը: Չի կարելի ասել, որ հակամարտությանը քիչ ուշադրություն են հատկացնում: Բայց խնդիրն այն է, որ միջազգային միջնորդների հնացած մոտեցումները պաշտոնական Բաքվին կեղծ հույսեր են տալիս, որ Ադրբեջանը կարող է վերականգնել վերահասկողությունը ԼՂՀ կազմում գտնվող տարածքների վրա: Բազմիցս խոսվել է արցախյան կարգավորման մեթոդաբանությունը վերանայելու անհրաժեշտության ու միջազգային իրավունքում ու միջազգային հարաբերություններում վերջին նախադեպերը կիրառելու անհրաժեշտության մասին:
Հայտարարությունների անհասցեականության մասին բազմիցս ասվել է: Ի՞նչ եք կարծում, չարժե հենց հիմա միջազգային կազմակերպություններին հրավիրել տարածաշրջան, որպեսզի նրանք սեփական աչքով համոզվեն, թե ինչ է կատարվում:
Նման հրավերք հնարավոր է: Նման քայլը մեզ միայն քաղաքական դիվիդենտներ կբերի, բայց զգալի ազդեցություն չի թողնի իրավիճակի կայունացման վրա: Վստահությամբ կարելի է ասել, որ Ադրբեջանը ամեն ինչ կանի, որպեսզի տարածաշրջան չայցելեն միջազգային դիտորդներ, որոնք անաչառության համար պետք է ուսումնասիրեն պատկերը շփման գծի երկու կողմում : Խոչընդոտները կլինեն ադրբեջանական այն նույն տրամաբանության շրջանակում, որը խոչընդոտում է հրադադարի ռեժիմի վրա հսկողության ու միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմի ստեղծմանը:
Իրականում միջազգային կառույցների արած հայտարարությունները մեծամասամբ անհասցե էին: Ադրբեջանի իշխանությունները ունակ չեն պայմանավորվել ու չեն կատարում իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները : Անհասցե հայտարարությունները պայմաններ են ստեղծում, որ Ադրբեջանը շարունակի իր ապակառուցողական ու անպատասխանատու քաղաքականությունը, որը սպառնում է տարածաշրջանի խաղաղությաննն ու կայունությանը:
Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ է Ալիեւը գնացել նման քայլի:
Ըստ էության ոչ մի նոր բան չի կատարվել, փոխվել են միայն ծավալները: Ադրբեջանը շարունակում է իր բազմամյա ապարդյուն փորձերը՝ ռազմական շանտաժի ճանապարհով հասնել Արցախից միակողմանի զիջումների: Քանի որ այդ փորձերը ոչ մի արդյունք չեն տալիս, Ադրբեջանի իշխանություններն ուժեղացնում են ճնշումը՝ աշխարհագրությունն ընդլայնելու ու հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիվ դարձնելու միջոցով:
Ստեղծված պայմաններում ԼՂՀ պետկան կառույցները՝ այդ թվում Արցախի Պաշտպանական բանակը, գործում են համարժեք ու կազմակերպված: Ակնհայտ է հայ ժողովրդի միասնականությունը: Մեր զինծառայողների՝ Արցախի ու Հայաստանի աշխարհազորայինների, նաեւ մեր բնակչության մարտական ոգին բարձր է: Եթե ԼՂՀ Պաշտպանության բանակի գործողությունների հաջող իրականացման հետ մեկտեղ միջազգային ուժային կենտրոնները Բաքվին հստակ ու միանշանակ ազդանշաններ ուղակեն՝ ադրբեջանական ռազմական դիվանագիտության անհեռանկարային լինելու մասին, ապա տարածաշջանում իրավիճակը երկար ժամանակով կկայունանա:




























