ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքրքրվել է The Organized Crime and Corruption Reporting Project-ի (OCCRP) լրագրողների հրապարակած փաստաթղթերով: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով նախարարության հաղորդագրությունը:
«Առայժմ չենք կարող մեկնաբանել հրապարակված փաստաթղթերը: ԱՄՆ արդարադատության նախարարությունը լրջորեն է վերաբերվում բոլոր արժեքավոր հրապարակումներին, որոնք վերաբերում են ամերիկյան այս կամ այն ֆինանսական համակարգին»,- նշել է նախարարության մամուլի քարտուղար Փիթեր Քերրը:
Ըստ Gazeta-ի, արդարադատության նախարարությունում նաեւ նշել են, որ պոտենցիալ հետաքննության շրջանակում իշխանությունները կարող են բախվել մի շարք խնդիրների, այդ թվում՝ վերջնական շահառուների, միջնորդ ինստիտուտների որոնման խնդիրներին: Իշխանությունները ստիպված կլինեն պարզել, թե հատկապես ո՞ր փուլում կարող էին ներգրավվել ամերիկյան իրավաբանական կամ ֆիզիկական անձինք: Հետաքննության համար լրացուցիչ խնդիր կարող է դառնալ նաեւ այն, թե ինչպես են ձեռք բերվել այդ փաստաթղթերը, քանի որ եթե նյութերը ստացվել են հանցավոր ճանապարհով, ԱՄՆ իշխանությունները հետաքննության առումով լրացուցիչ պարտավորություններ կունենա:
Mossack Fonseca խորհրդատվական ընկերությունը հերքում է իր գործունեության ընթացքում օրենքի խախտումը, իսկ նյութերը հրապարակելու համար խոստանում է դատի տալ լրագրողներին:
OCCRP-ն ապրիլի 3-ին լայնածավալ հետաքննություն է հրապարակել օֆշորային գործարքներին համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների, մարզիկների եւ մշակութային գործիչների մասնակցության մասին՝ շուրջ 11.5 մլն տպագիր էջ փաստաթուղթ: Դրանցում նշվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա խոսնակ Դմիտրի Պեսկովի, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի, Իսլանդիայի վարչապետ Սիգմյունդյուր Գյունլեյգսոնի, ինչպես նաեւ Ջեքի Չանի, Լիոնել Մեսսիի եւ այլոց անունները:




























