Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տիրող լարվածությունը կտեւի եւս մի քանի օր, իսկ ամիսներ անց լայնածավալ պատերազմ կսկսվի: Այսօր` ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

«Եւս մի քանի օր եւ Ադրբեջանը կդադարեցնի հարձակումները, որովհետեւ իմաստ չկա, առաջ չեն կարողանում գալ, զոհեր են տալիս: Իսկ հիմա ընդամենը փորձարկում են իրենց զինտեխնիկան եւ պատրաստվում են նոր չարիքների, իրենց ուժերն են շոշափում»,-նշեց ազատամարտիկը:

Մանվել Եղիազարյանը նշեց, որ այս օրերին հայ ժողովուրդն իրեն հիանալի է դրսեւորում:

«Մերոնք, երիտասարդները պատրաստ են գնալ կռվելու, պետք է համատեղվել, գնալ տոտալ մոբիլիզացիայի: Հայի գեն է, մենք սովոր ենք երգելով կռվել ու մեռնել»,-ասաց նա:

Անդրադառնալով առաջնագծում Ադրբեջանի կողմից ԻՊ վարձկանների կենտրոնացմանը` «Արաբո» ջոկատի հրամանատարը վստահեցրեց, որ նրանք առանձնապես մեծ վտանգ չեն ներկայացնում. «նույն մարդիկ են` մսից եւ արյունից»:

Մանվել Եղիազարյանը ավելացրեց` Ադրբեջանն այս «ավանտյուրային» է դիմել Թուրքիայի դրդմամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։