Ադրբեջանի գործողությունները նախապես ծրագրված էին: Այս մասին ապրիլի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է քաղաքական գործիչ Ստեփան Սաֆարյանը:

Դրա համար էլ, շարունակել է նա, Բաքուն դեմ էր ոչ միայն միջադեպերի հետաքննման մեխանիզմենրի ներդրմանը, այլեւ հանդիպումներ ունենալուն: Փորձագետի կարծիքով այս արկածախնդրությունը ցույց է տվել Ալիեւի սուր արձագանքը ԵԽԽՎ-ում Ռոբերտ Ուոլթերի բանաձեւի չընդունվելու կապակցությամբ: «Հենց դրա հետ էլ անմիջական կապ ունի ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտի անբարոյական վարքագիծը: Ուոլթերի ու Մարկովիչի զեկույցներն այն ռազմավարության մի մասն էին, որի միջոցով Ադրբեջանը պետք է իրականացներ իր այս արկածախնդրությունը»,- նշել է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում ու ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» հակահայկական ու միակողմանի զեկույցը չէր ընդունվել, սակայն եվրոպական պատգամավորները քվեարկել էին Սարսանգի ջրամբարի մասին բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչի զեկույցի օգտին:

Ապրիլի 2-ից ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ վատացել է: Ադրբեջանն անցել է լայնածավալ հարձակման շփման գծի ամբողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա ու ավիացիա: Երկու կողմերն էլ զոհեր ունեն: Իսկ այսօր հայ- ադրբեջանական սահմանին է լարվածության աճ գրանցվել: