Հայաստանի կառավարությունն այսօր` սեպտեմբերի 24-ին երկարաձգեց Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի ներմուծած սարքավորումների համար տրամադրված «ժամանակավոր ներմուծում» ռեժիմը (մինչեւ 2013 թ.), ինչը թույլ է տալիս տարկետել հարկերի վճարումը։ Թեեւ ֆինանսների նախարարը եւ պետեկամուտների կոմիտեն դեմ են այս որոշմանը (հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարությունը), վարչապետ Տիգրան Սարգսյանը այս որոշմանը մեծ կարեւորություն տվեց, նշելով նույնիսկ, որ «Գլորիան» օրինակելի է ողջ թեթեւ արդյունաբերության ոլորտի համար, եւ որ 10 տարի է հարկավոր ոլորտի սարքավորումները նորացնելու համար։

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան ստեղծվել է Վանաձորի «Ստիլիսսա»  կարի ֆաբրիկայի բազայի վրա եւ փաստացի հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը:

Ընկերության հիմնադիրներն են իտալական SARTIS ընկերությունը եւ Վանաձորի STYLISSA  կարի ֆաբրիկան՝ 50-ական տոկոս մասնաբաժիններով:

«Գլորիան» իր գործունեությունն իրականացնում է տոլինգային եղանակաով՝ SARTIS-ի պատվերների հիման վրա, որի համար հումք ու նյութերը ներմուծվում են «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով։ Այն տեխնոլոգիական սարքավորումները, որոնք անհրաժեշտ են միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան արտադրանք առաքելու համար` ներմուծվում են «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:

Նման կարգով, 2009 թ., SARTIS-ի հետ կնքված պայմանագրով, 5 տարի ժամկետով «Գլորիան» ներմուծել է 59 անուն մեքենա-սարքավորումներ:

Համագործակցության արդյունքում «Գլորիան»  նախատեսում է տարեկան արտահանել 600 մլն դրամի (մոտ 1,6 մլն դոլար) պատրաստի արտադրանք:  Ներկայումս ֆաբրիկայում աշխատում է 440 մարդ, իսկ իտալական ընկերության մեքենասարքավորումների շահագործման շնորհիվ` մինչեւ տարեվերջ աշխատատեղերի քանակը կավելանա եւս 200-ով:

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի կատարել իտալական կողմի նոր պատվերները: Հակառակ դեպքում պատվիրատուն կարող է հրաժարվել հետագա համագործակցությունից:

SARTIS ընկերությունը նախատեսում է մեկ տարվա ընթացքում Ռումինիայում գտնվող ձեռնարկությունից Հայաստան տեղափոխել շուրջ 700 մլն դրամի ժամանակակից մեքենա-սարքավորումներ:

Ֆինանսների նախարարությունը եւ ՊԵԿ-ն առարկել են սույն որոշմանը այն պատճառով, որ ֆինանսական վարձակալության պայմանագիր չկա, իսկ ըստ օրենքի՝ միայն այդ դեպքում է հնարավոր «ժամանակավոր ռեժիմի» ժամկետի երկարաձգումը։ Փաստորեն՝ կառավարության որոշումը հակասում է օրենքին, սակայն արդարացված է տնտեսական նպատակահարմարության առումով։