Վերահաստատել ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է եւ մենք անելու ենք ամեն ինչ՝ ապահովելու ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը: Այդ մասին  ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ասել է  ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է, թե ԳՄ նիստում հիմնականում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ընթացքը, Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր հանդիպումների ընթացքը, արդյունքները:

«Մենք կարծում ենք, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: ԼՂՀ ժողովուրդը պետք է լինի իր ճակատագրի կրողը, ԼՂՀ-ն չի կարող ունենալ այլ ցածր կարգավիճակ, քան ունի այսօր: Պետք է հասնենք նրան, որ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչվի»,- նշել է Շարմազանովը՝ ընդգծելով, թե զինադադարը շահեկան պետք է լինի բոլորի համար, մերժելի է ռազմական լուծումը: «ԼՂՀ պայքարը ուրիշների տարածքի գրավման համար չէ, այլ իր սեփական երկրում՝ իր ապագայի պայքարն է: Որոնք են հիմնական առաջարկները: Մեր կարծիքը հստակ է: Խնդիրը պետք է ունենա համապարփակ լուծում. Արցախի ժողովուրդը պետք է ունենա հնարավորություն՝ ինքը լուծելու իր ճակատագիրը»,- ասել է նա:

Մեկնաբանելով Գերմանիայում Սերժ Սարգսյանի արած մի արտահայտությունը, թե հայկական զինուժը կռվում է 80-ականների զենքով, Շարմազանովը նկատել է, թե ընդդիմության լիդերներից Լեւոն Զուրաբյանը ճիշտ է հասկացել Սերժ Սարգսյանի խոսքի ենթատեքստը, որ մեր բանակը 80-ականների զենքով կարողացել է դիմակայել Ադրբեջանի նորագույն զենքերին, բայց դա չի նշանակում, որ հայկական ուժերը չունեն ժամանակակից զենքեր: