Հայաստանի քննչական մարմինները դիտորդներից կամ վստահված անձանցից բողոքներ չեն ընդունում քվեարկածների ցուցակների կեղծիքների մասին։ Այս մասին ապրիլի 9-ին՝ խորհրդարանում 4+ 4+ 4 ձեւաչափով քննարկման ժամանակ, ասել է «Իրավունքի գերակայություն» ՀԿ ղեկավար, իրավաբան Արտակ Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ չի կարելի հերքել, որ ե՛ւ դիտորդները, ե՛ւ վստահված անձինք կարող են ծանոթանալ քվեարկածների ցուցակների հետ եւ անել իրենց նշումները։ Խնդիրն այն է, թե ինչ անել հետո դրանց հետ։ Համեմատելու ամբողջ իմաստն այն է, որ դատախազությանը հայտնեն խախտումների մասին։ Իսկ այնտեղ այդ դիտարկումները հրաժարվում են ընդունել՝ կարծելով, որ թղթի վրա դուրս գրած նշումը պաշտոնական փաստաթուղթ չէ եւ ապացուցելու ուժ չունի։
«Հետաքննության այս կամ այն պատրվակով բողոքներով քննություն չի սկսվել։ Իսկ մեզ պետք է, որ այդ բողոքներն ընթացք ստանան»,- ասել է Զեյնալյանը։





























