Դարձյալ հսկայական օղակաձեւ կառույցներ են նկատվել Բայկալ լճի սառույցների վրա, հայտնել են գիտնականները: Նրանք տեսել են դրանք, ուսումնասիրելով արբանյակներից ստացված լուսանկարները:

Բայկալի սառույցի վրայի օղակները հայտնվում են գրեթե ամեն տարի: Առաջին անգամ դրանք նկատվել են դեռ անցած դարի 90-ականներին: Նույնատիպ օղակներ են հայտնվել Բայկալում նաեւ 2003, 2005, 2009, 2011, 2013, 2014 թվականներին: Անցած տարի օղակներ չկար, բայց 2016-ին դրանք նորից հայտնվել են, հայտնում է Informing–ը:

Գիտնականները պարզել են, որ օղակները հայտնվում են գրեթե նույն տեղերում: Ընդ որում այս տարի դրանք գոյացել են ավելի շուտ, քան նախորդ տարիներին: Գիտնականները վստահ են, որ սա պայմանավորված է օդի ջերմաստիճանի վաղաժամ բարձրացումով: Այս տարի օղակը ստացվել է ասիմետրիկ՝ 6х7,8 կմ չափերով:

Գիտնականների խոսքով, Բայկալի սառույցի վրայի օղակները առաջանում են կենտրոնում տաք ջրով հակացիկլոնային շրջապտույտների ազդեցության պատճառով: Նման շրջապտույտները սառույցի մեջ ճեղքեր են առաջացնում ու փոխում դրա կառույցը, ինչից սառույցը բարակում է:

Նման օղակներ տարբեր տարիների հայտնվել են նաեւ Կրեստովսկի հրվանդանի շրջանում, Տուրկա ավանի շրջանում, նաեւ Նիժնեյե Իզգոլովյե հրվանդանի արեւմտյան ու Բայկալի հարավային մասերում: 2014-ին մեկ օղակ է նկատվել Սվյատոյ Նոս թերակղզու մոտ: