Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ չնայած Նիդեռլանդներում անցկացված հանրաքվեի արդյունքներին, Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը շարունակում է գործել, եւ եվրաինտեգրման ուղղությունն անփոփոխ է մնում:
Նա նշել է, որ առաջիկայում սպասում է Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրման մասին ԵՄ-ի եւ Եվրախորհրդարանի օրենսդրական առաջարկների՝ Եվրահանձնաժողովին փոխանցելուն:
Պորոշենկոն նաեւ հավելել է, որ ԵՄ-ի եւ աշխարհի առաջնորդների մեծ մասը հիասթափություն է արտահայտել Նիդեռլանդներում անցկացված հանրաքվեի արդյունքների կապակցությամբ:
«Դա Եվրոպայի պարտությունն է, եւ դա հենց այդպես է գնահատել Եվրամիության առաջնորդների մեծ մասը, քանի որ Եվրոպան հիմա լավագույն ժամանակները չի ապրում»,- հավելել է նա:
Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի վավերացման հարցով հանրաքվեն Նիդեռլանդներում անցկացվել է ապրիլի 6-ին: Նախնական արդյունքներով, երկրի բնակչության շուրջ 61%-ը դեմ է արտահայտվել փաստաթղթին, կողմ՝ 38.1%-ը: Հանրաքվեի արդյունքները խորհրդատվական բնույթ են կրում:




























