Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի՝ իր լիազորությունները վայր դնելու մասին հայտարարությունը անսպասելի քայլ էր եւ Ուկրաինայում քաղաքական անորոշության նոր սկիզբ նշանավորեց, գրում է The New York Times-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Յացենյուկը ժամանակին ուներ Արեւմուտքի աջակցությունը։ Սակայն տարբեր սկանդալների եւ սխալ քայլերի պատճառով այդ աջակցությունը հօդս ցնդեց։ Առաջին հերթին Ուկրաինայի վարչապետի հեղինակությանը մեծ հարված հասցրեց կաշառակերությունը։ NYT-ը հիշեցնում է, որ Շվեյցարիայի դատախազությունը քրեական գործեր էր հարուցել Յացենյուկի զինակից, պատգամավոր Նիկոլայ Մարտինենկոյի դեմ կաշառակերության եւ փողերի լվացման համար։

Իշխանության գալով՝ Յացենյուկը Ուկրաինայում բախվեց մի շարք խնդիրների, շարունակում է թերթը։ «Սակայն  դրանք լուծելիս նա չկարողացավ հրաժարվել օլիգարխների հետ խորհրդակցություններ անցկացնելու պրակտիկայից»,- պարբերականին ասել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն։

Պարբերականը հիշեցնում է, որ նրան այդպես էլ չի հաջողվել առաջընթաց գրանցել Ուկրաինայում խնդիրների կարգավորման մեջ։ ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել էր, որ կաշառակերության դեմ պայքարն այնքան դանդաղ է, որ դժվար է հասկանալ, թե ինչպես կարող է շարունակվել աջակցության ծրագիրը։

Յացենյուկը, որի հետ Արեւմուտքը մեծ հույսեր էր կապում, արդյունքում դարձավ ուկրաինական փակուղու խորհրդանիշը, եզրափակում է պարբերականը։