Գերմանիայում ավելի քան 5.8 հազար անչափահաս փախստական համարվում է անհետ կորած։ Funke  մեդիախմբի հարցմանն ի պատասխան՝ նման հայտարարություն է արել Գերմանիայի ՆԳՆ-ն։

Գերմանիայի ՆԳՆ տեղեկություններով՝ անհետ կորած 8006 անչափահաս փախստականներից գտել են ընդամենը 2171-ին։

«Անհետ կորած անչափահաս փախստականների մեծ մասը Աֆղանստանից, Սիրիայից, Էրիթրեայից, Մարոկկոյից եւ Ալժիրից են»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։

Անհետ կորած մոտ 6 հազար մարդկանց մեջ կա 14 տարին չլրացած 555 երեխա։

Այս տարվա մարտին Եվրոպոլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 2 տարում անհետ կորել է ավելի քան 10 հազար ներգաղթյալ երեխա, որոնք Եվրոպա էին ժամանել առանց մեծահասակների ուղեկցության։ ԵՄ ոստիկանական ծառայության տվյալներով՝ նրանցից շատերը կարող էին ընկնել հանցավոր ցանցերի ձեռքը, որոնք մարդկանց վաճառք են կազմակերպում սեռական շահագործման եւ օրգանների վաճառքի նպատակով։