Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դեմ և կալանքը գրավով փոխարինելու վերաքննիչ բողոքի քննությունն այսօր՝ ապրիլի 11-ին, հետաձգվեց: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

«Նիստը հետաձգվեց Գեւորգ Սաֆարյանի ներկայությունը հաջորդ դատական նիստում ապահովելու համար»,- նշեց  Տիգրան Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ թե՛ նախագահող դատավորը, թե՛ դատախազը ծանոթ չէին ներկայացված բողոքի բովանդակությանը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ դատարաններն ապահովում են գործի ձեւական քննություն:

 «Նիստին ընթացքում երբ ինձ ասացին ներկայացնել բողոքը, ես այդպես էլ ասացի՝ որ ներկայացված բողոքը չի հետաքրքրում ո՛չ դատախազին, ո՛չ դատավորին, փաստորեն, գործի ձեւական քննություն են ապահովում: Նախագահող դատավորը փորձեց արտաքին պատրանք ստեղծել՝ իբր ցանկանում է ապահովել գործի արդար քննություն, եւ որոշում կայացրեց դատական նիստը 8 օրով հետաձգել ՝ Գեւորգ Սաֆարյանի ներկայությունն ապահովելու համար»,- նշեց Տիգրան Հայրապետյանը:

Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 19-ին՝ ժամը 14.30-ին, Վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը մարտի 25-ին երկարացվել էր 45 օրով: Գեւորգ Սաֆարյանի փաստաբանը դատարանի  այս որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: