Ապրիլի 1-ից աշխատանքները սկսած Մյանմարի նոր կառավարությունը մեկ շաբաթում ազատել է 520 քաղբանտարկյալներից 199-ին, այդ թվում՝ 2015-ից ակցիաների ժամանակ անկարգություններ հրահրելու համար քննության տակ գտնվող ուսանողներին։ Այս մասին հայտնում է Myanmar Times-ը։

Բոլոր բանտարկյալները՝ դատապարտյալներ, ամբաստանյալներ եւ քննության տակ գտնվող անձինք, ազատ են արձակվել համաներմամբ, որը նրանց վրայից հանում է բոլոր մեղադրանքները։ Նախնական տեղեկություններով՝ ավելի քան 300 մարդ դեռ բանտերում է մնում, թեպետ նրանց վրայից հանվել են որոշ մեղադրանքներ։

Բոլոր քաղբանտարկյալներին համաներում շնորհելու խոստումը անցյալ տարվա նոյեմբերին ընտրություններում հաղթանակ տարած եւ 2016-ի մարտին կառավարություն ձեւավորած Ժողովրդավարության ազգային լիգայի ղեկավար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիի նախընտրական խոստումն էր։ Նոր կառավարությունում Սու Չժին զբաղեցրել է ԱԳ նախարարի եւ նախարարին կից պետական խորհրդարանի նորաստեղծ պաշտոնը։