ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարգարեներ չեն, պետք չէ նրանցից արդարություն պահանջել: Այս մասին ապրիլի 11-ին լրագրողներին ասել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, նրանք անում են այն ամենն, ինչ կարող են անել: Ինչ-որ դիրքորոշում արտահայտել ու ասել, որ կողմերից մեկը վատն է, իսկ մյուսը լավը՝ նրանց աշխատանքը չէ: Նրանց խնդիրն է ինչ -որ ձեւով վերականգնել բանակցային գործընթացը: «Համանախագահները աստվածաշնչյան մարգարեներ չեն: Նրանք պետք է աշխատեն: ԵԱՀԿ Մինսկի խումբը անվտանգության կառուցվածքի մի մասն է: Ոչ մեծ, բայցեւայնպես մի մասը: Նրանց խնդիրն է վերականգնել այդ կառուցվածքը»,- ասել է Իսկանդարյանը: Բացատրելով, թե ինչու համանախագահները չպետք է իրենց կարծիքն արտահայտեն այն մասին, թե ով է սկսել ագրեսիա, փորձագետն ասաց « Բերեմ Հայաստանի օրինակը: Պատկերացրեք, որ մենք միջնորդի դեր ենք ստանձնել ասենք Նամիբիայի ու Զիմբաբվեի միջեւ հակամարտությունում: Մեր համանախագահների խնդիրն է նախ գնալ Նամիբիայի մայրաքաղաք, հետո Զիմբաբվե ու հնարավորության սահմաններում կանգնեցնել հակամարտությունը: Ասել, թե ով է մեղավոր, ով իրավացի՝ նրանց խնդիրը չէ: Ահա թե ինչ են անում դիվանագետները: Եվ ես չգիտեմ, կա արդյոք աշխարհում երկրորդ երկիր, որտեղ դիվանագետներից ճշմարտություն են պահանջում»: