«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Ապրիլյան «դիրքային պատերազմի» հետեւանքով հայկական կողմը կրել է մարդկային, տարածքային, քաղաքական եւ նյութական կորուստներ:

Պետական պատկան մարմինների եւ պաշտոնատար անձանց պարտականությունն է հնարավորինս բացառել նման ծանր հետեւանքների առաջացումը, ինչպես նաեւ հնարավոր մասով ապահովել դրանց վերացումը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդն ուսումնասիրում է հակառակորդի հարձակմանը նախորդած շրջանում, դրա ընթացքում եւ ապրիլի 5-ից հաստատված փխրուն հրադադարից հետո տեղի ունեցող իրադարձությունների պատճառներն ու հետեւանքները, ինչպես նաեւ իր հնարավորությունների չափով օժանդակում է երկրի պաշտպանության գործին:

Քաղաքական խորհուրդը, հիմնվելով այն հանրահայտ իրողությունների վրա, որ իշխանության կրողը ժողովուրդն է եւ նա է իր մասը կազմող բանակի հետ միասին ապահովում երկրի պաշտպանությունն ու կրում դրա հետեւանքները, ուսումնասիրել է նաեւ տեղի ունեցողի վերաբերյալ ժողովրդի շրջանում առկա տրամադրությունները եւ կարծիքները:

Ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ ժողովրդի գերակշիռ մեծամասնության համոզմամբ՝ հակառակորդի հարձակումը նման ծանր հետեւանքների չէր հանգեցնի եւ դրանք հնարավոր կլիներ վերացնել շատ ավելի կարճ ժամանակահատվածում ու նվազ ջանքերով, եթե պատկան մարմիններն ու պաշտոնատար անձինք ինչպես հարձակումից առաջ, այնպես էլ դրա ընթացքում եւ հետագա օրերին պատշաճ կերպով կատարեին իրենց գործառույթներն ու պարտականությունները:

Պատկան մարմինները եւ պաշտոնատար անձինք, առաջին հերթին՝ Նախագահի եւ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոններն զբաղեցնող անձը, պարտավոր են հաշվետու լինել ժողովրդին, ներկայացնել «ապրիլյան պատերազմի» բացահայտած պրոբլեմները, դրանց լուծման եւ հակառակորդի հերթական հավանական հարձակմանը պատրաստվելու համար ձեռնարկվող քայլերը, ինչպես նաեւ մատնացույց անել ու պատժել մեղավորներին:

Ժողովրդին հատկապես հուզում են այն հարցերը, թե որոնք են առաջացած մարդկային, տարածքային, քաղաքական եւ նյութական ծանր հետեւանքների պատճառները եւ ովքեր են դրանց համար պատասխանատու պաշտոնատար անձինք:

Ներկայացնում ենք դրանցից առավել կարեւոր 10 հարցերը.

1. Արցախի Նախագահի եւ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոններն զբաղեցնող անձանց մակարդակով հաստատվեց, որ հայկական կողմը տեղյակ է եղել հարձակման մասին: Որո՞նք էին այն անհրաժեշտ ու բավարար միջոցները, որ պետք է ձեռնարկվեին դրան դիմակայելու եւ շփման գծին մոտ գտնվող զորամասերի զինծառայողների ու այդ տարածքում գտնվող բնակչության անվտանգության ապահովման համար:

2. Մշտապես հայտարարվել է, որ հակառակորդի հարձակման պարագայում հայկական կողմն ի վիճակի է նրան խաղաղություն պարտադրել: Ի՞նչ հանգամանքներ թույլ չտվեցին անցնել հակահարձակման, ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք եւ վերացնել հետագայում ագրեսիայի կրկնության հնարավորությունը:

3. Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հրադադարի հաստատումը հնարավոր է միայն ապրիլմեկյան դիրքերի վերականգնման պայմանով: Ինչո՞ւ հրադադարը կնքվեց այդ պայմանի զիջմամբ եւ դիրքերը մնացին հակառակորդի ձեռքում:

4. Հաստատվել է, որ մեր կողմից կենդանի ուժի, սպառազինության եւ տեխնիկայի կորուստների մի զգալի մասը պայմանավորված է հակառակորդի կողմից բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդիական սպառազինության եւ դրան համապատասխանող նոր մարտավարության, մասնավորապես՝ ԱԹՍ-ների կիրառմամբ: Ինչո՞ւ արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել դրանց ազդեցությունը չեզոքացնելու  համար:

5. Ինչո՞ւ են մերժվել կամ անտեսվել պաշտպանական համակարգը արդիականացնելու վերաբերյալ Հայաստանում առկա բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջազգային մակարդակի ընկերությունների առաջարկությունները:

6. Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ հայկական բանակի սպառազինությունն ու տեխնիկան խաղաղության 22 տարիների ընթացքում հիմնականում մնացել են 1980-ականների մակարդակին, մինչդեռ հակառակորդն այդ ընթացքում ձեռք է բերել մեծ քանակությամբ արդիական սպառազինություն եւ տեխնիկա:

7. Ի՞նչ սկզբունքով է որոշվել ռազմական վտանգի պայմաններում բանակի նկատմամբ առաջնահերթություն տալ ոստիկանության եւ պետական կառավարման այլ մարմինների գերուռճացված եւ երկրորդական կարիքներին:

8. Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, հաշվի չառնելով Ադրբեջանի՝ վերջին տարիների ռազմատենչ հայտարարությունները եւ ագրեսիվ գործողությունները, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել նրա բավարար պաշտպանունակությունն  ապահովելու համար:

9. Ի՞նչ իրավական, քաղաքական եւ տեղեկութային գործողություններ են ձեռնարկել ՀՀ ԱԳՆ-ն եւ այլ պատասխանատու մարմինները միջազգային համայնքի առջեւ հակառակորդի հարձակումը որպես ագրեսիա ներկայացնելու ուղղությամբ:

10. Հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը ԵՏՄ-ին անդամակցելը հիմնավորում էր երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, ինչո՞ւ որպես ԵՏՄ անդամակցության նախապայման չառաջադրեց Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանին այդ միության անդամ-պետությունների կողմից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա չտրամատելու հարցը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդն առաջիկա օրերին հրապարակային պատասխան է ակնկալում ժողովրդին հուզող վերը նշված հարցերի վերաբերյալ: Այդպիսի պատասխաններ չստանալու պարագայում Քաղաքական խորհուրդը կներկայացնի կատարվածի պատճառների եւ պատասխանատուների վերաբերյալ իր ուսումնասիրությունների արդյունքները: