Շաբաթ օրը՝ ապրիլի 9-ին, Շվեդիայի ադրբեջանցիներին համակարգող կենտրոնը Ստոկհոլմի կենտրոնական Սերյելս Տորյ հրապարակում կազմակերպել էր ցույց, որին մասնակցել են մոտ 100 անձ ինչպես տեղի ադրբեջանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի եւ Իրաքի թուրքմենական համայնքը ներկայացնող կազմակերպության անդամներ։
Ցույցի ժամանակ Շվեդիայի թուրքական կազմակերպությունները համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին իր թուրքերեն ելույթում կատարել է մի շարք հակահայկական եւ ազգայնամոլական հայտարարություններ, մասնավորապես, հայտարարելով. «Հասել է թուրք ազգի միավորվելու ժամանակը։ Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի։ Մահ հայ շներին։ Մահ։ Մահ։ Դիմում եմ հավատացյալ մարդկանց։ Մի խոսք կա՝ հայրենիքի նկատմամբ սերը բխում է հավատից։ Հայրենիքը ուրիշին չի տրվում։ Եկել է թուրքական հանրապետությունները միավորվելու ժամանակը, այն արդեն հասունացել է։ Բոլորին շնորհակալություն, որ եկել եք։ Սրանով մենք բոլոր սկանդինավյան երկրներին, Եվրոպային ցույց ենք տալիս, որ մենք արյուն չենք սիրում, բայց պատրաստ ենք արյուն թափելու»։ Նրա «Մահ հայ շներին, մահ, մահ» վանկարկումներին միացել են ցույցի մասնակիցները։
Ելույթի տեսագրությունը երեկ լայն տարածում է գտել Շվեդիայում եւ արձագանք է ստանում մամուլում։ Մասնավորապես, Շվեդիայի TV4 հեռուստաընկերությունը իր երեկոյան լրատվականում ներկայացրել է ցույցի տեսահոլովակը։ Եթերում հարցազրույց են տվել Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրեդրիկ Մալմը եւ Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի ղեկավար Կառլեն Մանսուրյանը՝ դատապարտելով նման հայտարարությունները։ Հեռախոսային հարցազրույց է տվել նաեւ Լեյլանին, ով ընդունել է իր կողմից արված հայտարարությունները՝ նշելով, որ նախապես պատրաստված ելույթ չի ունեցել եւ նման բան ի նկատի չի ունեցել։ Միջադեպի մասին տեղեկությունն այսօր ներկայացվել է Շվեդիայի առաջատար թերթերում։
Երեկ երեկոյան շվեդահայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ արդեն դիմել են Շվեդիայի ոստիկանություն տվյալ անձի դեմ գործ հարուցելու պահանջով։




























