Եթե գերի ընկած հայ զինծառայողների նկատմամբ մահվանից առաջ խոշտանգումների փաստերը հաստատվեն, կատարվածին այլ իրավական գնահատական պետք է տրվի։ Այս մասին՝ ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսին հայտնել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Էլինար Վարդանյանը։

«Այս պահին կարեւորագույն խնդիր է դրված պարզել այդ փաստը եւ նյութեր հավաքել կատարված հանցագործությունների մասին։ Փորձաքննությամբ պետք է հաստատվի խոշտանգումը եղել է մահվանից առաջ, թե հետո, ինչը միջազգային հարթությունում տարբեր որակման հիմք է։ Դա այլ իրավական գնահատական եւ մոտեցում է ենթադրում, որոնցով պետք է դիմել այլ միջազգային նորմերի»,- նշել է պատգամավորը։

Նա նաեւ նշել է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը չեն միացել Հռոմի կարգավիճակին, ինչը սահմանափակում է հնարավորությունները։

Միաժամանակ նա նշել է, որ անհրաժեշտ է դիվանագիտական հակազդեցության քայլեր ձեռնարկել հակառակորդի հնարավոր դեմարշի դեմ։