Ադրբեջանի կողմից ապրիլի 2-ին սանձազերծված ագրեսիայի ընթացքում զանգվածային հանցագործությունների թույլտվությունը ստացվել է այդ երկրի բարձրագույն ղեկավարությունից: Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով զինծառայողների եւ խաղաղ բնակիչների դիակները ծաղրի ենթարկելու մասին հաղորդագրությունները հերքելու՝ ադրբեջանական կողմի փորձի մասին NEWS.am-ի թղթակցի հարցին:
Հարցին, որ Ադրբեջանին իշխանությունները պետք է առնվազն նշված հաղորդագրությունների անհապաղ հետաքննություն սկսեն, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ հազիվ թե պետք է նման բան սպասել: «Ադրբեջանի իշխանությունները չեն գնա այդ քայլին: Քանի որ թույլտվությունը ստացել են ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներից»,- նշեց Բաբայանը:
Այդ համատեքստում նա նշեց, որ տեղի ունեցածը ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի եւ Ժնեւի կոնվենցիաների, այլեւ մարդկային բարոյական սկզբունքների խախտում է: «Այդպիսի բան կարող էին անել միայն հիվանդ կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվող տմարդները: Եվ սա ադրբեջանական ղեկավարության կերպարն է, որը չի փորձում նույնիսկ հետաքննություն անցկացնել: Բայց հարկավոր է հիշել, որ այդպիսի տմարդները չեն կարող պաշտպանել հայրենիքը: Այդպիսի բանակը դատապարտված է պարտության»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը:
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիան ուղեկցվեց Ժնեւի կոնվենցիաների եւ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներով: Դպրոցի գնդակոծության հետեւանքով զոհվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, եւս երեք երեխա վիրավորվեց:
Ադրբեջանական զինվորները գործեցին ահաբեկչական կազմակերպությունների ոգով, որոշ տվյալներով էլ՝ դրանք ԻԼԻՊ-ի վարձկաններ էին:
Թալիշ գյուղ ներխուժած ադրբեջանցի զինվորները գազանաբար վարվեցին երեք տարեցների հետ: Վալերա Խալափյանին ու նրա կնոջը՝ Ռազմելային, ինչպես նաեւ 92-ամյա Մարուսյա Խալափյանին գնդակահարեցին, այնուհետեւ կտրեցին ծերունիների ականջները:
Մի շարք փաստեր կան հայ զինծառայողների դիակների անդամահատման մասին: Հանցագործները կտրել են հայ զինվորների եւ սպաների գլուխներն ու ձեռքերը, լուսանկարվել «ռազմավարի» հետ եւ լուսանկարները հրապարակել համացանցում:
Ղարաբաղյան կողմից փոխանցված 18 զոհերի մարմինները ծաղրի եւ խոշտանգումների են ենթարկվել:





























