Թուրքիայի պատմության ամենախոշոր «Մեծ կաշառք» սկանդալային գործով ձերբակալված եւ Էրդողանի հրահանգով ազատ արձակված Ռըզա Սարրաֆին (Ռեզա Զարրաբին) ԱՄՆ-ում ձերբակալած դատախազ Փրեթե Բհարան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ԱՄՆ-ում օրենքի առաջ բոլորն են հավասար։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ռըզա Սարրաֆի ձերբակալման հրահանգը տված դատախազ Փրեթե Բհարան թուրք լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սարրաֆի ձերբակալությունից հետո Twitter-ում իր հետեւորդների թիվը 8 հազարից հասել է 298 հազարի։ Նա նշել է, թե հազարավոր թուրք օգտատերեր թիվթերում իրեն հաղորդագրություններ են գրում, որոնց հիմնական մտահոգությունը Թուրքիայում արդարության փնտրտուքն է։
Ամերիկացի դատախազը, նշելով, որ շատ է ցանկանում մի օր գալ Թուրքիա, շեշտել է, թե թուրքերենով սովորած իր առաջին բառը «արդարությունն» է։
Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ում ձերբակալված Ռըզա Սարրաֆը տարիներ առաջ Թուրքիայում ձերբակալվել էր սկանդալային «Մեծ կաշառք» գործողության ընթացքում՝ միլիոնավոր դոլարների հասնող անօրինական գործարքների ու խոշոր չափերով կաշառքներ տալու մեղադրանքով։ Էրդողանի հրահանգով նրան ազատ էին արձակել։
Ռըզա Սարրաֆին ԱՄՆ-ում ձերբակալել են Իրանի հանդեպ պատժամիջոցները խախտելու, բանկային կեղծարարություն անելու եւ ԱՄՆ-ին թալանելու մեղադրանքով։





























