Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այսօր՝ ապրիլի 13-ին, պաշտոնավարման ստանձնման կապակցությամբ, հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլի հետ:
Ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը հաջողություն է մաղթել Սամվել Մկրտչյանին իր առաքելության իրականացման ընթացքում:
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ Ջեբրամ Բասիլին փոխանցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնները:
Դեսպան Մկրտչյանը հավաստիացրել է, որ իր պաշտոնավարության ժամանակ ամենայն ջանք կներդրվի երկու բարեկամ երկրների հարաբերությունները բոլոր բնագավառներում զարգացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ համայնքի դերը եւ ներդրումը ինչպես Լիբանանի պետական եւ հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում, այնպես էլ հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններում:
Սամվել Մկրտչյանը տեղեկացրել է նախարարին ԼՂ հակամարտության շփման գոտում վերջին իրադարձությունների մասին` ներկայացնելով Ադրբեջանի նախահարձակ գործողությունները եւ դրանց քաղաքական ու ռազմական հետեւանքները: Կարեւորվել է միջազգային հանրության դիրքորոշումը հօգուտ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ Ադրբեջանի արկածախնդրության դատապարտման առումներով:
Լիբանանի արտգործնախարարը վստահեցրել է, որ իր երկիրը մշտապես ուշադիր է եղել Հայաստանի դիրքորոշումների առնչությամբ եւ հնարավորինս աջակցել դրանց, ինչը կարվի նաեւ այս պարագայում:




























