Գերմանացի հեռուստահաղորդավար ու երգիծաբան Յան Բեմերմանը հրաժարվել է ընդունել իր մեղքը ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հարցում, գրել է Süddeutsche Zeitung թերթը ՝ վկայակոչելով դատապաշտպանին:

Բեմերմանի դատապաշտպանի հայտարարությունն արդեն փոխանցվել է Էրդողանի ներկայացուցիչներին: Դրանում ասվում է, որ մեղքի խոստովանություն չի լինելու, քանի որ «բանաստեղծությունը հրապարակվել է ոչ թե առանձին, այլ եղել է հաղորդման մի մասը, որն այն մասին էր, թե Գերմանիայում ինչն է թույլատրվում, ինչը՝ ոչ»:

DIE ZEIT օրաթերթը հրապարակել է մի բաց նամակ, որը ստորագրել են Գերմանիայի մշակույթի բազմաթիվ գործիչներ: Նրանք կոչ են անում անհապաղ դադարեցնել լրագրողի գործով քննությունը: «Թանկագին կառավարությո՛ւն, պահպանիր հանգստություն» վերնագրով նամակում ասվում է, որ «բանավեճի տեղը ֆելյետոնն է, այլ ոչ թե դատարանը»:

Ապրիլի 12-ին YouGov սոցիոլոգիական ծառայության կողմից հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքները վկայում են, որ Բեմերմանի դեմ անցած շաբաթ Մայնցի դատախազության սկսած հետաքննությունը գերմանացիների 77 տոկոսը համարոմ է անտեղի: Հարցմանը մասնակցել է 1413 մարդ:

2016-ի մարտի 31-ին ZDF հեռուստաալիքի եթերում Neo Magazin Royalе երգիծական հաղորդման ընթացքում հաղորդավար Յան Բեմերմանը ընթերցել էր բանաստեղծություն, որը վիրավորական խոսքեր էր պարունակում Էրդողանի հասցեին: Իր ելույթում լրագրողը հայտնել էր թուրք նախագահի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, նաեւ նրան մեղադրել ազգային փոքրամասնությունների ու ընդդիմության դեմ հանցագործություններում: Հաղորդավարը այս ստեղծագործությունը ներկայացնելիս ասել էր որ այն «բամբասանքային վիրավորանքի նմուշ է»: