ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 14-ին, ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը շնորհավորել է Արգո Ավակովին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա բազմամյա փորձը կնպաստի մեր երկրում առաքելության արդյունավետ իրականցմանը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների եւ գրասենյակի միջեւ երկարամյա արդյունավետ համագործակցությունը ձեւավորել է փոխվստահության մթնոլորտ՝ հույս հայտնելով, որ գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի ԵԱՀԿ-ի շրջանակներում հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը արդեն ձեւավորված բարձր մակարդակի համագործակցությունն առավել զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ: Արգո Ավոկովի խոսքով, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կշարունակի իր աշխատանքը ՀՀ իշխանությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ Հայաստանում իրականացվող բարեփոխումների:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախատեսվող գործընթացների շուրջ, մասնավորապես անդրադարձ է եղել Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված աշխատանքներին եւ այդ գործընթացում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցությանը: Հանդիպմանը քննարկվել է նաեւ ԵԱՀԿ երեք հարթություններում գրասենյակի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:






























