Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է ԳԴՀ Թյուրինգիա երկրամասի Զալե-Հոլցլանդ քաղաքում կայացած Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության երկրամասային մասնաճյուղի տարեկան համաժողովին: Ամենամյա միջոցառման այս տարվա հյուրը Հայաստանն էր:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Սմբատյանը հանդես եկավ Հայաստանի վերաբերյալ ելույթով, որի ընթացքում անդրադարձավ նաև ԼՂ հիմնահարցին և ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողություններին: Ելույթից հետո դեսպանը պատասխանեց նաև ներկաների բազմաթիվ հարցերին:

Միջոցառմանը մասնակցեցին ԳԴՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, հատուկ հանձնարարություններով դաշնային նախարար Պետեր Ալտմայերը, ԳԴՀ Բունդեսթագի և Թյուրինգիա երկրամասի խորհրդարանի անդամներ, քաղաքական-հասարակական գործիչներ, լրագրողներ: