«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի  այն նախաձեռնությունը, որով առաջարկում է՝  Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ԵՏՄ-ին, չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

«Խնդիրն այն չէ, որ հակասություններ կստեղծվեն Ռուսաստանի հետ, խնդիրն այն է, որ մեր երկրի տնտեսությունն ինտեգրված է արդեն իսկ Ռուսաստանի նախկին Խորհրդային տնտեսությանը եւ մեզ համար շատ ավելի հեշտ է ինտեգրվել այս տնտեսությանը պայմանագրային առումով, որում մենք արդեն իսկ կանք 70 տարուց ավելի»,-ասաց Գագիկ Մելիքյանը։

ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ  վերջին տարիներին տնտեսական բնագավառում կատարված քայլերից ամենաճիշտն է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի  անդամակցության որոշումը։

«Անկախ նրանից, թե  ժամանակագրական առումով դա մեզ ինչ առավելություններ տվեց կամ չտվեց՝ կապված հենց արդեն իսկ այն ժամանակ եւ հիմա համաշխարհային ֆինանստատնտեսական ճգնաժամի հետ։ Ամենաճիշտ քաղաքականություն ենք իրականացրել՝ անդամակցելով, ես կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա։ Տնտեսապես ու քաղաքականապես մեր երկրին ու ժողովրդին ձեռնտու չէ դուրս գալ ԵՏՄ-ից»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, օգտվելով օրենքով նախատեսված ընթացակարգերից, ապրիլի 13-ին Ազգային ժողով է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: