Եվրասիական միության նավթամթերքի միասնական շուկան օգտակար է բոլորի համար, այդ թվում՝ Հայաստանի: Այս մասին ապրիլի 14-ին Երեւանում ասել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ, էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Դանիլ Իբրայովը:
Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է զարգացնել նավթամթերքի բորսային գնումները եւ ԵՏՄ բոլոր երկրների ներկրողների համար բորսայի հավասար հասանելիություն ապահովել: «Խոսել այն մասին, որ այդ ժամանակ գինն ավելի էժան կլինի, չեմ կարող, միգուցե, ոչ: Բայց այն հասկանալի կլինի, եւ ինչ-որ կազմակերպությունների միջոցով հասանելիություն ստանալու անհրաժեշտություն չի լինի»,- նշել է Իբրայովը:
Ի պատասխան այն դիտարկմանը, թե ազդում են արդյոք բորսային գնանշումները իրական շուկայական գների վրա, նախարարը հիշեցրել է, որ գործող ռուսական օրենսդրության համաձայն՝ նավթամթերք արտադրողները պետք է բորսա հանեն վաճառքի առնվազն 10 տոկոսը: Ընդ որում, ոչ բորսայական գործարքները նույնպես պետք է գրանցվեն բորսայում:
Հիշեցնենք, որ Հայաստանում նավթամթերքի հիմնական մատակարարը «Ռոսնեֆտն» է, որը մատակարարումներն իրականացնում է «Ռոսնեֆտ Արմենիա» դուստր ձեռնարկության միջոցով:




























