Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավոր Սալվատորե Պոգլիսեն եւ Եվրոպացի պահպանողականների ու ռեֆորմատորների ներկայացուցիչ Ռիմո Սենաջիոտոն, որոնք չեն կարողացել մասնակցել ապրիլի 12-ին Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով բանավեճերին, գրավոր հարցեր են ներկայացրել ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին: Այս մասին NEWS.am –ը տեղեկանում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության մամուլի ծառայությունից:
Փաստաթղթում պատգամավորներն ընդգծում են, որ Ադրբեջանի հարձակումներն ուղեկցվել են միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Երեխաների իրավունքների մասին Ժնեւի կոնվենցիաների կոպտագույն խախտումներով: Եվրոպացի պատգամավորները ցավ են հայտնել քաղաքացիական զոհերի կապակցությամբ՝ հայտարարելով, որ քաղաքացիական ենթակառուցածքներն ու քաղաքացիական բնակավայրերը Ադրբեջանի գրոհի հիմնական նպատակն են եղել: «Մասնավորապես զոհվել է 12-ամյա տղա: Բացի այդ, արձանագրվել են քաղաքացիական անձանց խոշտանգումների, դիապղծության դեպքեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եվրոպացի պատգամավորները Մոգերինիին հարցրել են, թե պատրաստվում է նա արդյոք Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկել՝ հաշվի առնելով վերոնշյալ խախտումները եւ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ գործընկերության մասին համաձայնագիրը: «Եվ վերջապես նրանք ԵՄ աջակցությունն են խնդրել հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության հարցում ԵԱՀԿ ՄԽ առաջարկների կապակցությամբ, որպեսզի խուսափեն Եվրոպայում միակ ինքնակարգավորվող հրադադարի շարունակական խախտումներից»,- ասված է հայտարարության մեջ:
Եվրախորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ գրավոր դիմումների պատասխանները պետք է ստացվեն դրանք ներկայացնելու պահից 6 շաբաթվա ընթացքում:





























