Երկրի քաղաքական ղեկավարությունը բանակցային գործընթացում հանդես է գալիս վստահ եւ արժանապատիվ դիրքերից, քանի որ նման հնարավորություն տալիս եք դուք, տալիս է բանակը` մեր երկրի ամենակայացած կառույցը: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը զեկուցել է 2009թ. տեսչական ստուգման պլանի համաձայն, զինված ուժերի զորամիավորումներից մեկում անցկացված տեսչական ստուգման արդյունքների մասին:

Ներկայացված ստուգման արդյունքների վերաբերյալ ծավալվել է համակողմանի քննարկում. նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ եւ ամրագրել կատարման հստակ ժամկետներ:

Նշելով, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ եւ տեղյակ է ընթացիկ խնդիրներին, Հանրապետության նախագահը միաժամանակ ցանկություն է հայտնել լսել նաեւ խորհրդակցությանը մասնակից գեներալներին ու սպաներին:

Կարեւորելով բանակի մարտական պատրաստության բարձրացման, զինված ուժերի մշտական զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը` Նախագահն ասել է, որ պաշտպանական համակարգը պետք է համահունչ լինի ժամանակի պահանջներին եւ անընդհատ կատարելագործվի: