Մինչեւ 2019-ը նախատեսված է Եվրասիական միությունում  էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա ստեղծել, իսկ մինչեւ 2025-ը` նավթամթերքի: Այդ մասին Երեւանում ապրիլի 14-ին լրագրողներին հայտնել է Էներգետիկայի եւ ենթակառուցվածքների եվրասիական կոլեգիայի անդամ   (նախարար) Դանիլ Իբրաեւը: Բայց մինչ այդ անհրաժեշտ է որոշակի մեխանիզմներ ստեղծել: Դրանցից մեկը միութենական ինդիկատիվ հաշվեկշիռն է (նավթամթերքով անմաքս առեւտրի ամենամյա ծավալները): Հարցն այն է, թե ազգային կառավարությունները որքանով պատրաստ կլինեն հաստատել այս մեխանիզմը, նշել է Իբրաեւը:  

Միասնական շուկաները ձեւավորվում են ոլորտային հայեցակարգերի հիման վրա: Էլեկտրաէներգիայի հայեցակարգն արդեն հաստատվել է, գազի վերաբերյալ հայեցակարգը մոտ ժամանակներս կներկայացվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին ԵՏՄ-ի անդամ երկրների նախագահների մակարդակում: Իսկ նավթի եւ նավթամթերքների հայեցակարգում հարցեր են մնացել, որոնք մոտ ժամանակներս պիտի լուծվեն, հավելել է ԵՏՀ նախարարը: