Անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական միությունում շարունակել բեռնափոխադրումների շուկայի ազատականացման աշխատանքը: Այդ մասին ապրիլի 14-ին Երեւանում հայտնել է Էներգետիկայի եւ ենթակառուցվածքների եվրասիական տնտեսական կոլեգիայի անդամ (նախարար) Դանիլ Իբրաեւը:
Նշենք, որ 2016 –ի սկզբին ԵԱՏՄ-ում համաձայնագիր է ստորագրվել մերձափնյա փոխադրումների մասին: Ղազախստանը չի մասնակցի ծրագրի սկզբնական փուլերին: Այդ կապակցությամբ Իբրաեւը նշել է, որ խոսքը ոչ միայն մերձափնյա փոխադրումների մասին է, այլեւ ազատականացման այլ միջոցների: «Մենք խոսում ենք այն մասին, որ փոխադրամիջոցը, անկախ գրանցման երկրից, կարողանա ազատորեն տեղաշարժվել Միության երկրներով: Դա հատկապես շահավետ է ԵԱՏՄ-ի այն երկրների համար, որոնք լոգիստիկայի հետ կապված խնդիրներ ունեն: Նրանց համար դա կնվազեցնի ապրանքի ինքնարժեքում տեղափոխման բաժինը: Ոորոշ երկրներում դա մինչեւ 20 տոկոսի է հասնում», - նշել է Դանիլ Իբրաեւը: Այդ նպատակով քննարկում են նաեւ երկաթգծի հետ կապված հարցեր: Սակագների միասնականացման պայմանավորվածություն կա, բայց առայժմ ոչ ամենուր է իրականացվում: «Բայց սա շատ կարեւոր գործոն է: Բոլոր այդ միջոցառումների արդյունքում ինքնարժեքում տեղափոխման գինը պիտի հասնի 7-10 տոկոսի, կամ էլ 10-11 տոկոսից ոչ ավելիի: Ղազախստանում այդ ցուցանիշն արդեն 8-10 տոկոս է: Մենք պիտի այդ ուղղությամբ ընթանանք», - հավելել է ԵՏՀ նախարարը:




























