Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի մի շարք թաղամասեր, խախտելով հրադադարի ռեժիմը: Հայ առաքելական եկեղեցու Բերիայի թեմը հայտնում է, որ ահաբեկիչների հրթիռակոծության տակ են հայտնվել նաեւ Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Սեյրաֆի թաղամասերը:
Հրթիռային հրետակոծության հետեւանքով վիրավորներ եւ սպանվածներ կան: Ներկայումս տուժած կամ սպանված հայերի մասին տեղեկություն չկա:
Սիրիայի պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, որ ՍԱՀ-ի Արտաքին գործերի եւ էմիգրանտների հարցերով նախարարությունն ընդգծել է, որ երկրի որոշ նահանգներում ավազակային խմբավորումների կողմից բնակելի թաղամասերի անկանոն գնդակոծումը Սիրիայում հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու նպատակ է հետապնդում:
Երկու համանման ուղերձում, որոնք ուղարկվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահին, ՍԱՀ-ի ԱԳՆ-ն հայտնում է, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը, ինչպես նաեւ ահաբեկչական այլ խմբավորումներ, ինչպիսիք են «Ջեյշ ալ-Ֆաթհը», «Ահրար աշ-Շամը», «Ալ-Ջաբհա աշ-Շամալիյան», որոնց գործողությունները ղեկավարվում են Թուրքիայի գլխավոր շտաբերից, հարյուրավոր ականանետային լիցքերով եւ հրթիռներով անկանոն կերպով գնդակոծում են Հալեպ քաղաքի Շեյխ-Մակսուդ թաղամասը եւ հարեւան քաղաքային բնակելի զանգվածները: Դրա հետեւանքով տասնյակ խաղաղ բնակիչներ զոհվել են, իսկ հարյուրավորները վնասվածքներ են ստացել, նրանց մեծամասնությունը երեխաներ, կանայք եւ ծերեր են: Ավերվել եւ վնասվել են բազմաթիվ բնակելի շինություններ, որտեղ մինչ այժմ էլ փալատակներում մնում են տեղի բնակիչների մարմինները:





























