Հանրապետական կուսակցությունը չի համարում, որ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը ակտուալ է եւ չկա դրա հեռանկարը։ Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հերմինե Նաղդալյանը։
«Մենք չենք համարում, որ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը ակտուալ է եւ չենք տեսնում նման հեռանկար։ Նման մտածողությունը կարճամիտ ու ոչ հիմանվորված մտածողություն է։ Այն մեղադրանքերը, որոնք հնչեցվում են ԵՏՄ-ի հասցեին, կարծում եմ՝ այնքան էլ տեղին չեն։ Մենք հասկանում ենք՝ ենթատեքստում ինչն է, որ փորձում է հակաԵՏՄ-ական մտադրություններ սերմանելու համար օգտագործվեն»,- ասել է նա։
Վերջինս նշել է, որ այս կարճ ժամանակահատվածում միությունը դեռեւս չի կայացել վերջնականապես, որ անդամների միջեւ ձեւավորված լինեն համագործակցություն ու միմյանց նկատամամբ նվիրվածության միջավայրը։ «Այն պետություններ, որոնք նախաձեռնել են ու առաջ են ընթանում այս միության կայացման գործում, ունեն տարբեր շահեր, տարբեր բարեկամներ ու մտածողություն։ Եվրոպական միության կենսագրությոնն եմ ուզում հիշեցնել։ 50-ականների սկզբներին նախաձեռնված այդ միությունը 3-4 տասնամյակ ընթացել է ներքին շահերի բախումների միջավայրում»։
ԵՏՄ նիստը Երեւանից տեղափոխելու որոշումից հետո Հովիկ Աբրահամյանի Մոսկվա մեկնելը համարել է անհրաժեշտ քայլ։
«Ես չեմ համարում,որ Հովիկ Աբրահամյանի այցը շատ քննադատվեց ԵՏՄ։ Իմ համոզմամբ մեկ աղբյուրի ուղղորդվածությամբ քննադատվեց, այն ուժերն էին, որ հակառակ կողմնորոշումն ունեն։ Իսկապես, ճիշտ էր ու անհրաժեշտ էր գնալ ու մասակցել ու հետագայում ակտիվ աշխատանքներով ներկայացնել մեր դիրքորոշումներն ու նախընտրությունները։ Մեզ համար հաճելի չէր որ մեր գործընկեր վարչապետները հրաժարվեցին այդ նիստից, բայց ուզում եմ տեղեկացնել, որ Հովիկ Աբրահամյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մայիսի 20-ին Երեւանում տեղի է ունենալու նիստ։ Սա ապացույցն է այն բանի, որ պետք է ոչ թե խռոված դիրքորոշումներ ունենալ, այլ աշխատելու բերել նրան,որ ընկալվենք մեր գործընկերների կողմից»,- ասել է Նաղդալյանը։




























