Փարիզում ցուցարարները ավերել են քաղաքի հյուսիսային շրջանները: Երիտասարդները կոտրել են մի քանի խանութների ցուցափեղկեր ու ավտոբուսի կանգառներ, ինչպես նաեւ վնասել են քաղաքային ենթակառուցվածքների այլ առարկաներ: «Բոլորն ատում են ոստիկանությունը», «Փողոցը մեզ է պատկանում» պաստառներով ցուցարարները շարժվել են փողոցներով՝ ծանր առարկաներ նետելով ոստիկանների ուղղությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Անկարգություններն սկսվել են երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հեռուստահարցազրույցից անմիջապես հետո, որը ներկայացրել է տնտեսական ու սոցիալական ճգնաժամի պայմաններում կառավարության կողմից վարվող քաղաքականությունը:
Օլանդի ելույթից հետո ցուցարարները ցանկացել են երթով հասնել Ելիսեյան պալատ, որը երկրի նախագահի պաշտոնական նստավայրն է, սակայն ոստիկանությունը հետ է մղել ցուցարարներին: Իրավապահները ձերբակալել են առնվազն 10 մարդու:
Ուսանողների եւ բարձր դասարանցիների բողոքի ակցիաները Փարիզում շարունակվում են արդեն երկու շաբաթ: Երիտասարդությունը դեմ է հանդես գալիս աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին:





























