ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին դատապարտել է Բալթիկ ծովում ռուսական «Սու-24» օդանավի թռիչքը ամերիկյան «Դոնալդ Քուք» ռազմանավի անմիջական հարեւանությամբ՝ գնահատելով դա որպես զինված ուժերի «վտանգավոր եւ սադրիչ» բախում:

«Մենք դատապարտում ենք նման վարքը, դա անմիտ է: Դա սադրիչ է, դա վտանգավոր է: Ռազմական գործողություններ վարելու կանոնների համաձայն կարելի էր նաեւ դիմահար կրակ բացել»,-ասել է Քերրին, հաղորդում է Reuters-ը:

«Մենք խոսում ենք ռուսների հետ նշելով, թե դա որքան վտանգավոր է, եւ մենք հույս ունենք, որ դա այլեւս երբեք չի կրկնվի»,-նշել է Քերրին:

ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը ապրիլի 13-ին տեսանյութ եւ լուսանկարներ է հրապարակել, ապրիլի 11-ին եւ 12-ին Բալթիկ ծովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի ժամանակ ռուսական ռազմական օդանավերն ու ուղղաթիռները մոտեցել են ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող ռազմանավին:
Ռուսաստանի ՊՆ-ն ապրիլի 14-ին հերքել է Սպիտակ տան մեկնաբանությունը՝ նշելով. «ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող նավի ազատ նավագնացության սկզբունքը բոլորովին չեղյալ չի համարում ռուսական օդանավերի տեղաշարժի ազատությունը»:

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին տեղեկացրել է, որ Քերրին մտադիր է այդ միջադեպը քննարկել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: