Թուրքիան ապրիլի 14-ին մերժել է Եվրախորհրդարանի պատրաստած զեկույցը, որում այլ հարցերի հետ միասին բարձրացվում էր նաեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Այս մասին հաղորդում է Asbarez պարբերականը:
Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ իրենք անվավեր կճանաչեն զեկույցը:
«Մեր պատմության մեջ չկա մի դրվագ, որի համար մենք ամաչենք: Մենք հավատում ենք, որ այդ հարցը պետք է որոշեն պատմաբանները: Քաղաքական գործիչները չեն, որ պետք է գրեն պատմությունը»,- ասել է նա:
Նշենք, որ զեկույցը վերաբերում է նաեւ Թուրքիայում խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակումներին, այդ երկրում ժողովրդավարացման գործըթացին, քրդական հարցին, քրդերի հետ բախումներին, իրավունքի գերակայության անկմանը եւ նման այլ հարցերին:
Թուրքական մամուլը Թուրքիայում մարդու հիմնարար ազատությունների ոտնահարման վերաբերյալ այդ զեկույցը վերջին տարիների աﬔնախիստ զեկույցն է համարել:
Զեկույցում անդրադարձ է կատարվել Թուրքիայի եւ ԵՄ-ի ﬕջեւ փախստականների հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը եւ կիպրական հարցին: Զեկույցում Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնում Թուրքիայում մամուլի ազատության բնագավառում խախտումներին եւս:
Զեկույցում Թուրքիայից պահանջվում է առաջնահերթություն տալ ահաբեկչության, կոռուպցիայի դեմ պայքարին, բոլոր օրենսդրական կարգավորումները համապատասխանեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին եւ նորﬔրին:
Զեկույցում ﬔկ անգամ եւս փաստվում է, որ քրդական խնդիրը ռազմական լուծում չունի: Թուրքական կառավարությունից պահանջվում է շարունակել բանակցությունները քուրդ առաջնորդների հետ եւ վերջ դնել քրդաբնակ շրջաններում քրդերի հետապնդումներին ու նրանց հետ ռազմական բախումներին:





























