ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին՝ ապրիլի 14-ին, Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին լայնածավալ հարձակման ընթացքում ադրբեջանական ուժերի կանխամտածված թիրախ դարձան քաղաքացիական բնակավայրերը եւ խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ երեխաներն ու ծերերը: Առաջին զոհերից էր 12 տարեկան Վաղինակ Գրիգորյանը, որը սպանվեց իր դպրոցի առաջ «Գրադ» կայանքի հրթիռակոծության հետեւանքով, իսկ եւս երկու դպրոցականներ վիրավորվեցին:
Անդրադարձ է կատարվել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում Խալափյանների ընտանիքի երեք անդամների, այդ թվում՝ 92-ամյա Մարուսյա Խալափյանի խոշտանգմանը եւ դաժան սպանությանը: ՀՀ դեսպանը նշել է, որ զինվորականներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը եւ Քարամ Սլոյանը գլխատվել էին ադրբեջանցի զինվորականների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը բնորոշ ոճով:
Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի էին խոշտանգված հայ զինվորականների լուսանկարներով: Կարմիր Խաչի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ տեղի ունեցած զոհվածների մարմինների փոխանակումից հետո արձանագրվել է, որ հայ զինվորականների մարմինները կրում էին դիակապտության հետքեր:
Դեսպան Կիրակոսյանն ընդգծել է, որ նման բարբարոսական արարքները հակասում են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերին եւ իրենցից ներկայացնում են հիմնարար միջազգային փաստաթղթերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի, Ժնեւի կոնվենցիաների եւ դրանց Լրացուցիչ արձանագրությունների խախտումներ, եւ կրում են պատերազմական հանցանքներին բնորոշ բոլոր գծերը:
Արման Կիրակոսյանը տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բացել են քրեական գործեր՝ հետաքննելու համար իրականացված ջարդերի բոլոր հանգամանքները: Ուշադրություն հրավիրվեց ԵԱՀԿ-ում պաշտոնապես տարածված Արցախի Գլխավոր դատախազության տեղեկատվությանը, որը պարունակում է մանրամասն տվյալներ զոհված եւ վիրավորված քաղաքացիական անձանց մասին:
Հայկական կողմը կարեւորեց կատարված հանցանքների դատապարտումը եւ դրանց իրականացնողներին պատասխանատվության ենթարկումը:





























