Բրազիլիայի դաշնային գերագույն դատարանը մերժել է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի նկատմամբ իմփիչմենթի գործընթացը դադարեցնելու մասին հայցը :
Ավելի վաղ Բրազիլիայի կառավարությունը Դաշնային գերագույն դատարանին հայց էր ներկայացրել՝ պահանջելով չեղարկել իմփիչմենթի գործընթացը երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի նկատմամբ: Պետական գլխավոր դատապաշտպան ժոզե Էդուարդ Կարդոզուի խոսքով պետության նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթացում լուրջ խախտումներ են եղել: Սակայն դատարանը հիմնավոր չի համարել հայցվորի փաստարկները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ապրիլի 11-ին իմփիչմենթի հարցերով հատուկ խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է Ռուսեֆին պաշտոնանկ անելու առաջարկը: Հանձնաժողովում ընդգրկված 65 պատգամավորներից 38-ը կողմ է արտահայտվել այդ որոշմանը: Ռուսեֆի իմփիչմենթի հարցով քվեարկությունը ծրագրված է ապրիլի 17-ին խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստի ժամանակ:





























