Բասկերի Երկրի խորհրդարանը ապրիլի 14-ին, ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարություն՝ ԼՂ վերջին զարգացումների վերաբերյալ` դատապարտելով ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու Ադրբեջանի փորձը:

 Հայտարարությունն ընդունվել է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միաձայն քվեարկության արդյունքում:

 Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

Ինստիտուցիոնալ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման առնչությամբ

Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որը 95 տոկոսով բաղկացած է էթնիկ հայ բնակչությունից, եւ որը պատմության վայրիվերումների եւ իր բնակչության շահերից տարբերվող աշխարհքաղաքական այլ շահերի պատճառով, մնացել է որպես անկլավ Ադրբեջանի տարածքում՝ առաջացնելով երկարատեւ հակամարտություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, որը շարունակվել է ամբողջ 20-րդ դարի ընթացքում:

ԽՍՀՄ-ի փլուզմամբ եւ Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապեությունների ստեղծմամբ, հակամարտությունը վերածվեց պատերազմի, որը տեւեց 1988թ.-ից մինչեւ 1994թ.-ը, պատճառելով հազարավոր մահեր եւ տեղահանումներ՝  ավարտվելով մի հրադադարով, որը չնայած վերջ չի դրել հակամարտության լարվածությանը, սակայն օգնել է խուսափել պատերազմի շարունակությունից:

2016թ.-ի ապրիլի 2-ին Ադրբեջանը միակողմանիորեն ձեռնարկեց աննախադեպ  հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Այդ հարձակման արդյունքում զոհվեցին տասնյակ անձինք, այդ թվում` 4 խաղաղ բնակիչ, որոնցից մեկը երեխա էր:

Զինադադարի խախտման առնչությամբ, Բասկյան խորհրդարանը՝

Իր խորին մտահոգությունն է հայտում Լեռնային Ղարաբաղում 1994թ.-ից ուժի մեջ մտած հրադադարի խախտման վերաբերյալ եւ հայտնում է իր ցավակցությունը՝ այդ հարձակման արդյունքում, երկու կողմերի ունեցած զոհերի կապակցությամբ:

Դրականորեն է գնահատում ս.թ. ապրիլի 5-ին երկու կողմերի միջեւ զինադադարի վերականգնումը եւ հուսով է, որ այն կհարգվի:

Հայցում է, որ չմերժվեն 2012թ.-ից ի վեր Մինսկի խմբի համանախագահների կողմից հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկները:

Մերժում է որեւէ տարածքային հակամարտության լուծման նպատակով ուժի կիրառումը: Դրանք պետք է լուծվեն երկխոսության հիման վրա,  հարգելով տվյալ բնակչության մեծամասնության կամքը, որը պետք է արտահայտվի ժողովրդավարական ձեւով եւ առանց որեւէ տեսակի ճնշումների:

Կոչ է անում կողմերին՝ գործուն միջոցներ ձեռնարկել որպեսզի անմիջապես դադարեցվեն ռազմական գործողությունները եւ զորքերը վերադառնան մինչեւ 2016թ.-ի ապրիլի 1-ը զբաղեցրած իրենց դիրքեր:

Հստակորեն խրախուսում է բանակցությունների գործընթաց վերադառնալու անհրաժեշտությանը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ, որտեղ Լեռնային Ղարաբաղը կունենա իր մասնակցությունը, ինչպես արդեն նշվել է սույն խորհրդարանի կողմից: