Տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտում Հայաստանի գիտական շրջանակների ու ընկերությունների հետ համագործակցությունն ունի իր առավելությունները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, Հայաստանի ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Վահան Թյուրեկյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը եւ Բնապահպանության, գիտության, տեխնոլոգիայի եւ առողջապահության հարցերով ԱՄՆ պետքարտուղարության տարածաշրջանային (կենտրոնակայանը` Բուդապեշտ) գրասենյակի տնօրեն Րաֆֆի Բալյանը:

Ողջունելով հյուրին, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դինամիկ կերպով զարգանում են տնտեսական հարաբերությունները, ինչպես հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի, այնպես էլ վերջերս ստեղծված ՀՀ-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի խորհրդի շրջանակներում, որի անդրանիկ նիստը կայացավ 2015թ. աշնանը Երեւանում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մեծապես կարեւորեց նաեւ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը եւ նախանշեց դրա հետագա զարգացման համար առկա մեծ ներուժը: Որպես հաջողված օրինակ, Աշոտ Հովակիմյանը նշեց ԱՄՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների մասնաճյուղերի գործունեությունը Հայաստանում: Փոխնախարարը ընդգծեց, որ ՀՀ կառավարության առաջնայնություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գիտության ու նորարարության զարգացումը Հայաստանում: Եվ դրա վառ ապացույցն է` ս.թ. մարտի վերջին ՀՀ նախագահի աշխատանքային այցը ԱՄՆ, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, Հարվարդի համալսարանում, այցելել մի շարք նորարարական ընկերություններ:

ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը ներկայացրեց իր պաշտոնի լիազորությունների շրջանակը, որոնք ներառում են գիտության եւ տեխնոլոգիաների ոլորոտում ԱՄՆ պետքարտուղարության համար փորձագիտական աշխատանքների իրականացում, սերտ կապերի հաստատում ԱՄՆ ոչ կառավարական գիտական շրջանակների եւ պետական հաստատությունների միջեւ, ամերիկյան գիտական շրջանակները ներկայացնող սփյուռքի միջեւ ցանցի ձեւավորում: Վահան Թյուրեկյանը կարեւորեց իր այցը Հայաստան` նշելով գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտում Հայաստանի գիտական շրջանակների եւ ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման առավելությունները:

Իր այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը արդեն այցելել էր հայկական մի շարք նորարական եւ տեխնոլոգիական ընկերություններ եւ լաբորատորիաներ` նշելով, որ դրանց միջոցով հայ գիտնականները կապվում են աշխարհի իրենց գործընկերների հետ: