Ապաշնորհ քաղաքականության հետեւանք էր, որ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց առանց Արցախի մասնակցության, միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Եթե այդպես չլիներ, մենք ավելի ուժեղ դիրքերից կխոսեինք եւ բացի այդ մեր գործուն լինելը կընդգծեինք եւ մեր հետ հաշվի կնստեին: Մինչդեռ այս պարագայում մենք տեսնում ենք, որ մեր ժողովուրդը, զինվորները չորսօրյա պատերազմի ժամանակ փաստեցին, որ իրենց հետ պետք է հաշվի նստեն` թշնամին կամ քաղաքական որոշում կայացնողները: Նոր սերունդը նոր պահանջներ է ներկայացնում ու իրականացնում, մինչդեռ քաղաքական վերնախավը բացարձակ հետ է մնացել այս ամենից եւ մնացել 25 տարվա մտայնությունների մեջ, որը նույնիսկ այն ժամանակ առաջադիմական չէր»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
Անդրադառնալով Ռուսաստանին ուղղված որոշակի քննադատություններին նաեւ իշխանական մակարդակով`Փոստանջյանն ասաց. «Ես գտնում եմ, որ բողոք պիտի ներկայացնենք, բայց եթե բողոքին չեն հետեւում իրական գործողություններ, որը ԼՂՀ-ի միանշանակ ճանաչումն է օրենքի տեսքով: Այսինքն իրավական ընթացակարգով պահանջներ ներկայացնելու որոշումներ են անհրաժեշտ: Մինչդեռ այս պահի դրությամբ ես տեսնում եմ, որ ոչ իրավական պահանջներ է ներկայացված տարբեր միջազգային կառույցներում, ոչ քաղաքական որոշումներ կայացնելն է առաջնային: Կարող եմ ասել, որ նույնիսկ կոշտ հայտարարություններ էլ չենք տեսել, ընդհակառակը, եթե նայում ենք պատերազմից հետո տեղի ունեցող հայտարարություններին, չեմ գտնում, որ դրանք կոշտ են»:
Փոստանջյանի խոսքով` կոշտ հայտարարությունը կլիներ Մոսկվայում ԵՏՄ վարչապետների նիստին Հայաստանի չմասնակցելը: «Կոշտ հայտարարությունը պետք է լիներ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալը, պետք էր գործընթաց սկսել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ, իրավական պահանջներ ներկայացնելու գործընթաց, որը չունենք, պետք է ՀՀ Ազգային ժողովում ընդունվի օրինագիծ` ճանաչել Արցախի անկախությունը, օրենքով դադարեցնենք ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը»:





























