Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը թարմացրել է հերթական հակառեկորդը՝ Հինգերորդ հանրապետության պատմության ընթացքում ժողովրդավարության ռեկորդային ցածր ցուցանիշ արձանագրելով: Այս մասին են վկայում Ifop ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակել է Journal du Dimanche պարբերականը:
Հարցման համաձայն, մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում Օլանդի ժողովրդականությունը նվազել է 3 կետով՝ հասնելով 14%-ի: Նրա ոչ մեծաթիվ կողմնակիցներից միայն 2%-ն է նշել, որ «շատ գոհ է» նախագահի գործունեությունից:
Ըստ ՏԱՍՍ-ի, պետության գործող ղեկավարից դժգոհողների թիվը հասել է 85%-ի, հարցվածների եւս 1%-ը ձեռնպահ է մնացել նրա գործունեությունը գնահատելուց:
Գրեթե նույնպիսի վարկանիշ ունի վարչապետ Մանուել Վալսը: Նրա վարկանիշը մեկ ամսվա ընթացքում նվազել է 2%-ով՝ հասնելով 25%-ի:
Journal du Dimanche-ի գնահատմամբ, 1958 թվականին Ֆրանսիայում հաստատված Հինգերորդ հանրապետության պատմության մեջ սա աննախադեպ իրավիճակ է: «Այս դրության մեջ, այսինքն՝ նախագահական ընտրությունների մեկ տարի առաջ, Ֆրանսուա Օլանդի նախորդներից ոչ ոք չի հայտնվել՝ Շառլ դե Գոլից մինչեւ Սարկոզին, ներառյալ Ժիսկարը, Միտերանն ու Շիրակը»,- նշել է պարբերականը՝ հիշեցնելով, որ 2011 թվականին գրեթե նույն իրավիճակում գտնվող Նիկոլա Սարկոզիին աջակցության մակարդակը կազմում էր 28%:
Օլանդի վարկանիշի հերթական անկման գործոններից մեկը պարբերականը համարում է հինգշաբթի հեռուստաեթերում նախագահի ունեցած ելույթը, որը կրկին արձագանք չգտավ ֆրանսիացիների սրտերում: «Ամենամսյա այս հարցում հաստատում է, որ Ֆրանսուա Օլանդը չի կարողանում տեղ հասցնել իր մտքերը, առաջին հերթին՝ սեփական ընտրողներին: Առաջիկա վեց ամիսները որոշիչ կլինեն նրա ապագայի համար»,- փաստել է պարբերականը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը նախանշված է 2017 թվականի ապրիլին: Ներկայում դրան մասնակցելու մտադրության մասին բազմաթիվ գործիչներ են հայտարարել, այդ թվում՝ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը: Հարցման համաձայն, նա կարող է երկրորդ փուլ անցնելու լուրջ հավակնություններ ունենալ:
Աջ կենտրոնամետ ընդդիմությունն իր թեկնածուին կորոշի նոյեմբերին կայանալիք փրայմերիզում: Ներկայում աջ ճակատում առավել նախընտրելի թեկնածու է համարվում Բորդոյի քաղաքապետ, նախկին վարչապետ Ալեն Ժյուպենը: Նրան հետեւում են նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Ազգային ժողովի պատգամավոր Բրյունո լե Մերը:




























