Եվրոպայի բորսայական ցուցիչները երկուշաբթի նվազում են արձանագրել 1 տոկոսի սահմանում` Դոհայում նավթի արդյունահանման սառեցման բանակցությունների ձախողման ֆոնին, վկայում են առք ու վաճառքի տվյալները: 

Մոսկվայի ժամանակով 10.38-ին FTSE 100-ի բրիտանական ցուցիչը նվազել է 0,70 տոկոսով` մինչեւ 6299,89 կետ, ֆրանսիական CAC 40-ինը` 0,95 տոկոսով, մինչեւ 4452,65 կետ, գերմանական DAX-ինը` 0,66 տոկոսով, մինչեւ 9985,10 կետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի կտրուկ նվազել են այն բանից հետո, երբ արդյունահանող երկրները կիրակի Դոհայի հանդիպման արդյունքում չկարողացան պայմանավորվել արդյունահանման սառեցման վերաբերյալ:  Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչրսներն էժանանում են  4,22 տոկոսով, մինչեւ մեկ բարելի դիմաց 41,27 դոլար, WTI ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչրսները` 4,58 տոկոսով, մինչեւ մեկ բարելի դիմաց 39,80 դոլար:

ՕՊԵԿ-ի մի շարք երկրներ, նախ եւ առաջ Սաուդյան Արաբիան, Դոհայի հանդիպմանն անսպասելիորեն սկսեցին պնդել, որ արդյունահանման սառեցման համաձայնագրին երկրների ավելի լայն շրջանակ մասնակցի, մասնավորապես` ՕՊԵԿ-ի բոլոր երկրները: 

Բանակցություններին Սաուդյան Արաբիան կոշտ դիրքորոշում որդեգրեց եւ հրաժարվեց աջակցել որեւէ համաձայնագրի, առանց Իրանի մասնակցության: Իրանն իր հերթին հայտնեց նավթի արդյունահանումը սառեցումը քննարկելու պատրաստակամության մասին միայն նախապատժամիջոցային մակարդակ դուրս գալուց` օրական  4 մլն բարելի մակարդակի հասնելուց հետո եւ ներկա չէր Դոհայի հանդիպմանը: 

Նավթի գների անկումը համաշխարհային ֆոնդային բորսաների բացասական դինամիկա է առաջ բերել: