Տանզանիայում մարտի 23-ին ձերբակալված Վարդանյան եղբայրներին որեւէ մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի հիմնադիր Արթուր Խաչատրյանը, որին պատկանող 61 կապիկները Հայաստան տեղափոխելու հետ կապված առաջացած խնդիրների պատճառով էլ ձերբակալվել էին նրա ընկերները՝ Արտյոմ եւ Էդուարդ Վարդանյանը:
«Նիստերն անընդհատ ձգձգվում են: Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ դատախազությունը դեռեւս չի կողմնորոշվել, թե որ հոդվածով մեղադրանք առաջադրի Վարդանյանններին: Բնականաբար, ոչ մի հոդված էլ չի կարող լինել»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 23-ին Տանզանիայի «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայնում ձերբակալվել են ազգությամբ հայ 52-ամյա Արտյոմ եւ 44-ամյա Էդուարդ Վարդանյանները: Տանզանական The Citizen պարբերականը հաղորդում է, որ եղբայրները փորձել են բեռնատար ինքնաթիռով Ալբանիա տեղափոխել 61 կապիկ:
Ըստ պարբերականի՝ չնայած Տանզանիայում արգելված է վայրի կենդանիներին երկրից դուրս բերելը, Վարդանյան եղբայրները անհայտ ճանապարհով կարողացել են ձեռք բերել կենդանիներին արտահանելու թույլտվություն:
Արթուր Խաչատրյանը, սակայն, պնդում է, որ Արտյոմ եւ Էդուարդ Վարդանյանները մարտի 23-ին գնացել էին օդանավակայան, որ ուղեբեռ ուղարկեն Հայաստան այն օդանավով, որը պետք է Երեւան տեղափոխեր նաեւ կապիկներին: Ի դեպ, Արթուր Խաչատրյանը պնդում է նաեւ, որ իրենք ամեն ինչ արել են օրենքով:
Նշենք, որ ձերբակալված Արտյոմ Վարդանյանը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Ջամբո Պարկ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, որտեղ պահվում են բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ:
Հիշեցնենք, որ Արտյոմ Վարդանյանը 2014թ. ամռանը հայտնվել էր սկանդալում: Նրան պատկանող «Ջամբո Պարկում» կապիկներ էին սատկել, ենթադրվում էր՝ էբոլա վիրուսից: Ընթանում է նախաքննություն:





























